Համո Սահյան

  • Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում: 1937 թ. ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը:

Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության: Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից:

Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:

1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն:

Անկրկնելի են Համո Սահյանի ստեղծագործությունները։

Օրինակ՛

ՆԵՂՎՈՒՄ ԵՄ…

Նեղվում եմ, խփում են կրծքիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ,
Ներում եմ, նստում են գլխիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։

Առնում են ու ետ չեն տալիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Մեռնում եմ, երբ ուշ են գալիս,
Ես զոհ եմ, իրենք են դժգոհ։

ՊՏՈԻՂԴ ՔԱՂՈՂ ՉԿԱ

Պտուղդ քաղող չկա,
Մասրենի, սարի մասրենի,
Պատիվդ պահող չկա,
Մասրենի, բարի մասրենի։
Ասում են՝ էլ մարդ չկա,
Որ փնտրի քնքշանքդ փշոտ,
Քեզ գրկի ու տաքանա,
Մասրենի, ժայռի մասրենի։

Երեսիդ նայող չկա,
Մասրենի, վայրի մասրենի,
Կրքերիդ կրակը քեզ
Թող այդպես այրի, մասրենի…
Կանգնել ես քո բարձունքին,
Մեկուսի, մենակ, մենավոր…
Իմ երես առած դարում
Դու լքված այրի, մասրենի։

ԿԱԾԱՆՆ ԻՆՁ ՏԱՆԵՐ

Կածանն ինձ տաներ անտառը՝ ցախի,
Անտառն իմ գլխին ուլունքներ թափեր։
Սուլոցի փոխվեր սարսուռն իմ վախի,
Եվ ոչ մի շշուկ ոտքս չկապեր։

Կացինս թողած կաղնու փչակում,
Պարանս ժայռի փեշերին թողած,
Շապիկիս թևքը՝ մասրենու ճանկում,
Փեշքը՝ մոշենու փշերին թողած,

Թռչեի թրջված հավքի ետևից
Եվ չբռնեի մինչև իրիկուն…
Հարցնեի հողից, ջրից, աստղերից.—
Գտնեի կածանն ու դառնայի տուն:

Հայրս ինձանից բան չհարցներ,
Չնայեր ոչ մի խնդիրք ու լացի,
Ինձ «պարան, կացին ու ցախ դարձներ»…
Եվ մայրս կանչեր իրիկնահացի։

Քթիցս կարծես ծուխ է բարձրանում…
Ինչո՞ւ է կորածն այսքան քաղցրանում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով